Մի շարք գողություններ են բացահայտվել
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օր առաջ, ուշ երեկոյան, Պռոշյան գյուղի երկու բնակիչ` 32 և 27 տարեկան, գյուղի հյուրանոցային համալիրի շինհրապարակից գողացել են մետաղյա կառուցատարրեր:
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և դեկտեմբերի 7-ին երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Նաիրիի բաժին:
Դեկտեմբերի 10-ին 27-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Հանագործության վերաբերյալ ևս մեկ օպերատիվ տեղեկություն ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեց դեկտեմբերի 14-ին: Դեկտեմբերի 8-ից 9-ը Մրգաշեն գյուղի 6-րդ փողոցում կայանված «ԿԻԱ» ավտոմեքենայից գողացել էին չորս անվադողերն ու անվահեցերը:
Բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ մեքենան տնօրինում է նույն փողոցի բնակիչ մի տղամարդ: Նա հրավիրվեց բաժին, տվեց համապատասխան հաղորդում և բացատրեց, թե ինչու գողության մասին իրավապահներին չէր հայտնել. փորձել էր իր ուժերով գտնել գողություն կատարողին և գողոնը:
Հաղորդումն ուղարկվեց Նաիրիի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ: Դեկտեմբերի 14-ին նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց նախ Նաիրիի ոստիկանության, ապա` քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է, դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Հաղորդում չէր ստացվել նաև Զովունի գյուղում կատարված գողության վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին, դարձյալ օպերատիվ ճանապարհով, քրեական հետախույզները տեղեկացան, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանաահատվածում բուժարանի մոտից տարել են տրակտորի երկու շերեփ:
Ճշտվեց, որ տրակտորը պատկանում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որի տնօրենից ընդունվեց հաղորդում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նաիրիի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Համագործակցելով Ջերմուկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ` քրեական հետախույզները դեկտեմբերի 16-ին նրան հայտնաբերեցին մայրաքաղաքի Օհանովի փողոցում, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են:
Նաիրիի ոստիկանները վերջին օրերին բացահայտել են նաև Պռոշյան գյուղում կատարված գաղտնի հափշտակության երկու դեպք: Այս անգամ տուժածները հողորդում տվել էին, բացահայտումն էլ` երկարատև օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունք էր:
Առաջին ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 8-ին: Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի մի հողամասի բաց տարածքից տարել էին շինարարական 30 հենակ: Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ` հոկտեմբերի 18-ին ստացվեց ևս մեկ ահազանգ: Նույն թաղամասի կիսակառույց շիությունից գողացել էին շինարարական 23 ամբարձիչ:
Նաիրիի քրեական հետախույզները, համադրելով երկու գողությունների հանգամանքները, եկան եզրակացության, որ երկուսն էլ նույն անձի կամ անձանց ձեռքի գործն են: Վարկածը հաստատվեց: Նշված գողությունները կատարելու կասկածանքով դեկտեմբերի 9-ի ցերեկը Երևանի Սիլիկյան թաղամասում ձերբակալվեց Ապարան քաղաքի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են: