ԱՄՆ-ը Եվրոպայի և Ուկրաինայի հետ քննարկում է խաղաղ կարգավորման մասին Կիևի առաջարկած ծրագիրը
Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Կիևի առաջարկությունները:
Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Նշվում է, որ ըստ Politico պարբերականի տվյալների՝ քննարկումներն ընթանում են այս ձևաչափով՝ չնայած Վաշինգտոնի վարչակազմի հրապարակային հայտարարություններին, որ ուկրաինական հակամարտության լուծումը կորոշեն իրենք՝ ուկրաինացիները։ Կողմերը քննարկում են, մասնավորապես, թե ինչպիսին պետք է լինի մարտական գործողությունների դադարեցումը, և հնարավոր է արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկների ավելի առարկայական քննարկում անցկացնել ձմռանը։
Ինչպես գրում Է պարբերականը, ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը դժվարություններ է ներկայացնում ամերիկյան կողմի համար։ ԱՄՆ պաշտոնյաները խոստովանում են, որ մարտական գործողություններին օժանդակությունը չի կարող անվերջ շարունակվել, և անհրաժեշտ Է «շոշափելի միջոցներ» ձեռնարկել դիվանագիտական ճանապարհով հակամարտությունն ավարտելու համար։ Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը լուծելու վերաբերյալ Կիևի առաջարկները, և որ ԱՄՆ-ի ղեկավարը հավանություն Է տվել է այդ առաջարկները քննարկելու համար գագաթնաժողով անցկացնելու իր գաղափարին:
Նոյեմբերի կեսերին տեսակապով հանդես գալով Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցների առջև՝ Զելենսկին ասել էր, որ Կիևն ունի «հաշտության հասնելու իր ծրագիրը»՝ բաղկացած 10 կետից։ Դրանց թվում են միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «պահվող անձանց» փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Զելենսկին կրկին հիշեցրել էր, որ Կիևը պնդում է, որ իրեն անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրվեն, և մշակել է համապատասխան փաստաթղթի նախագիծ։ Ուկրաինայի ղեկավարը հավելել էր, որ Կիևը ցանկանում է հասնել միջազգային մեխանիզմի ստեղծման՝ փոխհատուցելու մարտական գործողություններից երկրի կրած կորուստները ռուսական ակտիվների հաշվին: