Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
«Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։
Ափսոսանք է հայտնել ս.թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ:
Շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։