Արգենտինայի Սենատի անդամները Ադրբեջանին կոչ են անում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները
Արգենտինայի Սենատի անդամ Գիլերմո Անդրադան Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:
«Հայաստանի Հանրապետության հետ Արգենտինայի Սենատի բարեկամության խմբի անդամները մերժում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կոչ են անում, ինչը կկանխի հազարավոր ընտանիքների տառապանքները»,- նշել է սենատորը:
Անդրադան հրապարակել է Սենատի քվեարկությանը ներկայացվող հայտարարության տեքստը, որում Ադրբեջանին կոչ է արվում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները, խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց բնակչությանը վնաս հասցնելու: