Մի քանի մարդ մահացել են ու դիերը չենք կարողանում բերել Արցախ․ Ռուբեն Վարդանյան
11 օր է Արցախը բլոկադայի մեջ է։ Ծանր հոգեբանական իրավիճակ է, որովհետև մի մասի մոտ արդեն կուտակվել է էմոցիան, էներգիան, ագրեսին՝ ինչու՞ ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ, որոնք հույս ունեին, որ սա շատ արագ է վերջանալու՝ դեպրեսիա է սկսվել և դա հասկանալի է։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Որպես պատասխանատու մարդ ես ուզում եմ ձեզ խնդրել, որ դուք հավատաք՝ մենք ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն ինչքան կարելի է արագ փոխենք ու գտնենք լուծումները»,-ասաց նա։
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այո՛, իրավիճակը ծանր է, խնդիր կա սննդի, բենզինի հետ կապված, բայց փորձում են ամեն ինչ անել, լուծումներ գտնել։ Նա հանդիպել է նաև այն ծնողներին, որոնց երեխաները Հայաստանում են մնացել, փորձել հասկանալ, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում։
«Մի քանի մարդ մահացել են ու դիերը չենք կարողանում բերել Արցախ, մենք խնդիրներ ունենք, որ ընտանիքները բաժանված են, բացի երեխաներից և սա արդեն 11-րդ օրն է»,-ասաց Արցախի պետնախարարը։
Նա ընդգծեց, որ պատասխանատու են, աշխատում են, անելու են, չեն թողնելու ոչ մեկին այս ամենը քաոսի վերածել։ Վարդանյանը նաև խոսեց Հայաստանից ստացած զանգերի մասին, երբ մի դեպքում չեն պատկերացրել իրավիճակի լրջությունը, իրեն Հայաստան են հրավիրել։ Մեկ այլ զանգողի հետ զրույցում նշել է․
«Ես երջանիկ մարդ եմ, հիմա իմ ամենաերջանիկ ժամանակն է իմ կյանքում, 54 տարեկան եմ՝ լինելով երջանիկ ու հաջողված բիզնեսմեն, հայր, ամուսին, տղա։ Երևի իմ ամենաերջանիկ օրերն են, որ ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը, ինչ ունեմ դրել եմ ամենակարևոր բանի համար՝ ոնց անեմ, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ, այս պատմական ճգնաժամի ժամանակ մնա ինքնուրույն և դա ինձ դարձնում է երջանիկ։ Մենք մեր մեջ, այս շատ ծանր իրավիճակի մեջ պետք է ունենանք այս զացողությունը, որ մենք անում ենք ոչ թե մեզ համար, այլ ապագա սերունդների համար»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։