«Ժողովուրդ». 30 մլն դրամի պայմանագիր՝ քաղավիացիայի վարչության նախկին պետին պատկանող ընկերության հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում:
Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է:
Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին:
2017 եւ 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր իր կարգավիճակում դաժան քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում