Թալիբանն արգելել է Աֆղանստանի կանանց սովորել բուհերում
Աֆղանստանը վերահսկող թալիբներն արգելել են կանանց սովորել համալսարաններում, հայտնում է AP-ն։ Որոշումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին։
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ իշխանության գալով 2021 թվականի օգոստոսին, թալիբները խոստացան ընդունել չափավոր մոտեցումներ և ապահովել կանանց ու փոքրամասնությունների իրավունքները, բայց հետո աստիճանաբար սահմանեցին արգելքներ՝ ցուցաբերելով շարիաթի կանոնների նկատմամբ իրենց կոշտ մոտեցումը:
Սկզբում թալիբները թույլ տվեցին կանանց շարունակել աշխատել որպես հեռուստահաղորդավարներ և նույնիսկ չբացառեցին, որ նրանց կներգրավեն պետական կառավարման մարմիններում։ Սակայն 2021 թվականի սեպտեմբերին արդեն վերացրեցին Կանանց հարցերի նախարարությունը, իգական սեռի ուսանողներին պարտադրեցին համալսարաններ հաճախել նիքաբներով, այնուհետև աղջիկներին արգելեցին սովորել դպրոցում, իսկ կանանց սպորտով զբաղվել հասարակական վայրերում։
Միաժամանակ կանանց պարտադրեցին փակել իրենց դեմքը հանրության առաջ, նրանց արգելվեց ճանապարհորդել առանց տղամարդկանց ուղեկցության: Կանայք կորցրեցին բազմաթիվ մասնագիտություններով զբաղվելու իրավունքը։
Այսօր արդեն Աֆղանստանի իշխանությունների նոր օրենքներով՝ կանանց և աղջիկների առաջ փակվել են և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների, և՛ դպրոցների դռները: Ուսուցիչներին տեղեկացրել են չգնալ աշխատանքի, դպրոց չուղարկել տարրական դասարանների աշակերտուհիներին:
Միջազգային հանրությունն այս որոշումները համարել է աղետալի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա անվանել է թալիբների «խոստումների հերթական խախտում» և «շատ անհանգստացնող» քայլ:
Այն քննադատել է նաև մահմեդական աշխարհը: Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ նախաձեռնությունը բացասական ազդեցություն կունենա Աֆղանստանի մարդու իրավունքների, առաջընթացի ու տնտեսության վրա, և խնդրել է թալիբներին վերանայել այն՝ իսլամի սկզբունքներին համապատասխան։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ արգելելով կանանց բարձրագույն կրթությունը, զրկելով նրանց կրթության, աշխատանքի և սոցիալական արդարության իրենց հիմնական իրավունքներից, Աֆղանստանի ներկա կառավարությունը կորցնում է համաշխարհային հանրության վստահությունը:
Աֆղանստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ շարժվում է շարիաթի օրենքներով, ստեղծելով «իսլամական միջավայր», կանանց կրթությունն էլ համարում է օտար մշակույթի մի մասը, որ նախկին կառավարությունները ներմուծել են երկիր:
Ի հետևանք՝ Աֆղանստանը դարձավ աշխարհի միակ երկիրը, որտեղ կանանց կրթությունը պաշտոնապես սահմանափակված է, իսկ թալիբների կառավարությունը միջազգային մակարդակով ճանաչված չէ և գտնվում է պատժամիջոցների տակ։