ԵՄ-ում որոշել են չճանաչել ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում, Զապորոժիեում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը
Դեկտեմբերի 22-ին Եվրոպական միությունում ուժի մեջ է մտնում որոշում, համաձայն որի ԵՄ-ում չեն ճանաչվելու Ռուսաստանի Դաշնությանը հանրաքվեի արդյունքներով միացած Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնում և Զապորոժիեում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը։ Որոշումը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Նշված տարածքներում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու որոշումը ԵՄ խորհուրդը հաստատել էր դեկտեմբերի 8-ին։
Որոշման մեջ նշվում է, որ այդ փաստաթղթերը «չեն ընդունվում որպես գործող ճամփորդական փաստաթղթեր հետևյալ նպատակներով՝ վիզայի տրամադրում, արտաքին սահմանների հատում»։ Որոշման մեջ նշվում է նաև, որ բացառություններ են արվում նման փաստաթղթեր ունեցող այն անձանց համար, որոնք նախկինում եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, փաստաթղթերի տրամադրման պահին անչափահաս կամ անգործունակ անձինք, ինչպես նաև ապաստան խնդրելու դեպքում և մասնավոր հումանիտար իրավիճակներում: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ նման որոշումը խտրական է և ևս մեկ անգամ ցույց է տալիս «եվրոպական ժողովրդավարության իրական դեմքը, ավելի ճիշտ, ծուռ դեմքը»։
ՌԴ ԱԳՆ-ում ԵՄ-ի այս որոշումն անվանել են ,անմարդկային պատժամիջոցներ և սեգրեգացիայի քաղաքականությունե։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-27-ը հանրաքվեներ են անցկացվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու շուրջ: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու օգտին արտահայտվել Է քվեարկածների 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։
Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ելույթ է ունեցել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի հանրաքվեների արդյունքների շուրջ, որից հետո նրանց ղեկավարների հետ համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմ շրջանների ընդունման վերաբերյալ։ Մոսկվան 2008 թվականին ճանաչել Է Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նախկին երկու վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։