ԱՄՆ-ում կանխատեսում են Ուկրաինայում իրավիճակի վատթարացում ձմռանը. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այն կարծիքին է, որ Ուկրաինան այժմ վտանգավոր պահեր է ապրում, և ձմռանն իրավիճակը կարող է է՛լ ավելի սոսկալի դառնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Բայդենի վարչակազմի պաշտոնյաները համակարծիք են այն հարցում, որ Ուկրաինան վտանգավոր պահեր Է ապրում: Ձմռանը տեղում իրավիճակն, ամենայն հավանականությամբ, ավելի սոսկալի կդառնա, քանի որ Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ է արձակում ուկրաինական ռազմական և կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ», - գրում է հրատարակությունը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա ավելի մեծ թվով ուկրաինացիների կստիպի տեղափոխվել երկրի այլ տարածաշրջաններ կամ արտասահման։ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել Կիևին էներգետիկ ցանցերը վերանորոգելու համար, սակայն ուկրաինական քաղաքներում երկար ժամանակով հոսանքազրկումներ են լինում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, այսօր Վաշինգտոնում կկայանա հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև։ Զելենսկին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Ուկրաինայի նախագահն առաջին անգամ է լքել երկիրը փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ մինչ ԱՄՆ-ն շարունակում է Ուկրաինային տրամադրել ռազմադաշտում անհրաժեշտ սպառազինությունը, Զելենսկիի այցը լավ հնարավորություն է՝ դիմելու ամերիկյան ժողովրդին։
Հրատարակությունը նշում է, որ հանրապետականները, որոնք հունվարից սկսած մեծանասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում, կարող են դեմ արտահայտվել Ուկրաինային խոշոր ֆինանսական օգնության հատկացմանը։ Ճիշտ է, Բայդենի վարչակազմը չի կարծում, որ օգնությունն ամբողջովին կդադարի, սակայն կա մտահոգություն, որ առաջիկա ամիսներին ֆինասնական օգնությունն, ամենայն հավանականությամբ կպակասի: Եվ հենց այս հարցում, ըստ նրանց, Զելենսկիի այցը կարող է կարևոր դեր խաղալ։