Հայտնի է՝ երբ Մասկը կհրաժարվի Twitter-ի ղեկավարի պաշտոնից
ԱՄՆ բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից, երբ իրեն փոխարինող գտնի։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Ես կհրաժարվեմ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց գտնեմ մեկին, ով բավական հիմար կգտնվի և կստանձնի այս գործը։ Դրանից հետո ես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերների խմբերը», - գրել է նա։
Այսպես է Մասկն արձագանքել Twitter-ում իր անցկացրած հարցման արդյունքներին, որոնց հրապարակումից հետո ավելի քան մեկ օր նա լռում էր այդ թեմայի շուրջ։
Հիշեցնենք՝ սոցիալական հարթակի օգտատերերի քվեարկության արդյունքի համաձայն՝ Մասկը պետք է հրաժարվի ընկերության ղեկավարի պաշտոնից։ 17,5 միլիոն օգտատերերի 57,5 %-ը դրան կողմ էր քվեարկել, 42,5 %-ը՝ դեմ։
Ի դեպ, Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը 2022 թ.-ին կորցրել է գրեթե 122,6 մլրդ դոլար, ինչը գերազանցում է 2021 թ.-ին նրա վաստակած գումարը։ Մասկի կարողությունը կազմում է մոտ 147,7 մլրդ դոլար, ինչը վերջին երկու տարիների համար ամենափոքր թիվն է։ Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Մասկն օրերս կորցրել էր առաջին հորիզոնականը՝ իր տեղը զիջելով Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին։
Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել: Մասկն աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: