«Ժողովուրդ». Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճվեց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարճել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Պաշտպանի խոսքով՝ առողջական խնդիրներից ելնելով է առաջարկ եղել, որ Վանիկ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Հիշեցնենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով: Ընտրակաշառքի գործով կալանավորվել էր նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում. քրեական վարույթը դեռ կարճված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում