Արգենտինայի հաղթանակը տոնելիս երկրպագուն ընկել է տանիքից
Արգենտինայի հավաքականի երկրպագուն ողբերգական ձևով մահացել է՝ տոնելով ազգային հավաքականի՝ ԱԱ-2022-ի չեմպիոն դառնալը։
24-ամյա տղամարդը կիրակի օրն ընկել է տանիքից, երբ Բուենոս Այրեսի փողոցներից մեկում տոնում էր թիմի հաղթանակը։
Ինչպես գրում է Infobae-ն՝ ոստիկանությունը նրան հայտնաբերել է երկուշաբթի առավոտյան ավտոկայանատեղիի 3-րդ հարկում անգիտակից վիճակում։ Երկրպագուն հոսպիտալացվել է, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել․ ախտորոշվել է գլխուղեղի մահ։
«Նա ցատկել է տանիքում՝ տոնելով ազգային թիմի հաղթանակը, ապա մետաղյա թիթեղը կոտրվել է, և նա ընկել է ցած»,- հայտնել է ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արգենտինայում ևս մեկ երկրպագու էր մահացել․ երկրի դրոշը, որը կապված էր եղել նրա վզին, փաթաթվել էր մոտոցիկլետի անիվին ու խեղդել նրան։