Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում իսրայելական ավիահարվածի հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել
Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններում՝ օդանավակայանին հարող տարածքում։ Միջադեպի հետևանքով սիրիացի 2 զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել օդանավակայանի մերձակայքի չորս շրջաններ: Սիրիայի պետական SANA գործակալությունը հաղորդել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել տեղի ժամանակով գիշերը ժամը 00։30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 1։30)։ Բացի երկու տուժածներից, վնասվել են նաև հարձակման ենթարկված դիրքերը։
Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը SANA-ին հայտնել է, որ Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով խոցվել Է մի քանի հրթիռ: Հաղորդվում է նաև, որ հարձակման թիրախ են դարձել Սիրիայի բանակին պատկանող երկու շինություններ և Դամասկոսի մոտ տեղակայված իրանական ստորաբաժանումները։