Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդը նոր ցեղասպանությունները կանխելու համար կարևորում է ինֆորմացիայի տարածումը, կրթությունն ու փոխհատուցումը
Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին նոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում կարևորում է իրականացված ցեղասպանությունների մասին ինֆորմացիայի տարածումը, կրթությունը, պատասխանատվությունը: Գուրմենդին նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում:
«Անցյալի փորձից և անցյալում իրականացված ցեղասպանություններից դասեր քաղելը չափազանց կարևոր է նոր ցեղասպանությունները կանխելու համար»,-ասաց Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին:
Նա նշեց, որ Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության շրջանակում իրենք մեծ ուշադրություն են դարձնում անցյալից դասեր քաղելուն, կրթությանը՝ ապագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին ու Թուրքիայի ժխտողականությանը՝ նա նշեց. «Կարծում եմ՝ ցանկացած իրավիճակում կարևոր է բացատրել փաստերը և տարածել դրանց մասին ինֆորմացիան։ Խոսքը մեկ երկրի մասին չէ, դա վերաբերվում է ամբողջ միջազգային հանրությանը: Հայաստանը շատ բան է անում` փորձելու այդ ինֆորմացիան տարածել»:
Նա այս համատեքստում կարևորեց ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն առ այն, որ ապագա վայրագությունները, ցեղասպանությունները կանխելու համար չափազանց կարևոր է երկխոսությունը և համագործակցություն: Գուրմենդին կարևորեց համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, որը երկխոսություն ու համագործակցություն խրախուսելու ավելի լավ միջոց է:
Իսկ թե ի՞նչ պետք է անի, ինչ դերակատարություն պետք է ունենա յուրաքանչյուր երկիր՝ կանխելու նոր ցեղասպանությունները՝ նա ընդգծեց, որ GAAMAC-ը խրախուսում է յուրաքանչյուր պետության՝ ազգային մակարդակում խթանելու քաղաքականություն և մեխանիզմներ՝ ցեղասպանությունները կանխելու համար:
«Կարծում եմ՝ կան շատ կարևոր հարցեր, որոնք վճռորոշ են. մեկը հիշողությունն է, ճշմարտությունը. փորձել հասկանալը, թե ինչ է տեղի ունեցել անցյալում: Դա պահանջում է կրթություն, ամեն ինչ պետք է ներառել դպրոցական ծրագրերում, որպեսզի յուրաքանչյուր երեխա իմանա փաստերը: Այսպիսով, ճշմարտությունը, հիշողության ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը չափազանց կարևոր են»,-ասաց նա:
Գուրմենդին չափազանց կարևորեց նաև զոհերի, կորուստների համար փոխհատուցումը: Ըստ նրա՝ պատասխանատվությունը ևս չափազանց կարևոր է, որը կարող է իրականացվել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:
Ֆորումն այս տարի անցկացվում էր «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Այս առիթով Գուրմենդին նշեց՝ տեխնոլոգիաները և խնդրի, և դրա լուծման մի մասն են: «Այսօր մենք տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաները իսկապես նպաստում են ատելության տարածմանը լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի և այլ միջոցներով: Սա մեծացնում է խնդիրը, ատելությունը: Բայց տեխնոլոգիաները նաև օգնում են մեզ ստուգել փաստերը: Այսպիսով, տեխնոլոգիաները կարող են լինել խնդրի, բայց նաև լուծման մի մաս, քանի որ դրանք օգնում են մեզ վերլուծել, թե ինչ է կատարվում և դիմակայել կեղծ լուրերին»,-շեշտեց նա:
Գուրմենդին նկատեց՝ շատերը կարծում են, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները պետք է փորձեն խուսափել, կանխել կամ նույնիսկ ջնջել ատելություն պարունակող ուղերձները. իհարկե, նրանք ունեն այդ պատասխանատվությունը, բայց դա միայն նրանց խնդիրը չէ: «Կարծում եմ, որ մենք պետք է մշակենք միջազգային չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն բոլորը: Ատելության խոսքը այսօր ճանաչվում է որպես բռնության նախադրյալ, վեկտոր, որը կարող է հանգեցնել բռնության»,-ասաց նա:
Նա նաև շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց Հայաստանին՝ ֆորումն անցկացնելու համար՝ այն համարելով չափազանց արդիական և կարևոր: Մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել, ներկայացնում են այն հաստատությունները, ակադեմիաները, պետությունները, որոնք քրտնաջան աշխատում են այս խնդրի շուրջ: