Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է. Պեսկով
Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է։ Այս մասին Մինսկում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BelTA-ն։
Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարից փորձել են պարզել, արդյոք նախագահ Պուտինի այցը Մինսկ կապվա՞ծ է Բելառուսին Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին ներգրավելու Ռուսաստանի ցանկության հետ։ «Դրանք բացարձակ հիմար, անհիմն հերյուրանքներ են: Բելառուսը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է: Բելառուսի հետ մենք ունենք ինտեգրման առավել առաջադեմ ռեժիմ: Հետևաբար ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում: Բոլորն անում են քայլեր, որոնք լավագույնս են համապատասխանում և՛ մեր ժողովուրդների, և՛ մեր միութենական պետության շահերին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Մամուլի քարտուղարին հարցրել են նաև, թե արդյոք բանակցային գործընթացում ռազմական խնդիրները կստվերեն մյուս հարցերը: Պեսկովը նշել է, որ բացի ռազմական խնդիրներից, Մինսկ ժամանած պատվիրակությունը քննարկելու է առևտրատնտեսական և տարածաշրջանային ու միջազգային հարցեր: