Դանակահարել էր նախկին կնոջ եղբորը․ ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել: Նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 19-30-ի սահմաններում, Մխչյան գյուղի Արտաշիսյան փողոցի կանգառում Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը ձեռքերով խփել էր նախկին կնոջը և գրպանից հանելով դանակը՝ սպառնացել սպանել նրան, այնուհետև դանակահարել էր վեճին միջամտած նախկին կնոջ եղբորը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին Արտաշատ քաղաքի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտ 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել է հանցարարքը:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: