Աֆղանստանում ավտոցիստեռնի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել Է 31-ի
Աֆղանստանի Փարվան նահանգի Սալանգի լեռնանցքում գտնվող բարձրլեռնային թունելում ավտոցիստեռնի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվում Էր 19 զոհի մասին։
«Առնվազն 31 զոհերի, ինչպես նաև 37 վիրավորների մարմինները տարհանվել են Սալանգի թունելում բռնկված հրդեհի վայրից», - հաղորդել է Tolo News հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանի խոսքերը։ Նա հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Սալանգի թունելը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 3200 մետր բարձրության վրա՝ Հինդուկուշի լեռներում գտնվող համանուն լեռնանցքի շրջանում։
Թունելի երկարությունը գետնուղիների հետ միասին կազմում է 3,6 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 6 մետր։ Այն կառուցվել է 1958-1964 թվականներին խորհրդային մասնագետների, գլխավորապես՝ Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարների կողմից։ Թունելով անցնում Է Քաբուլը Աֆղանստանի հյուսիսային նահանգների հետ կապող միակ ավտոճանապարհը։ Հյուսիսային դաշինքի և «Թալիբան» շարժման միջև քաղաքացիական պատերազմի տարիներին թունելը պայթեցվել է, իսկ 2002 թվականին՝ երկրի միավորումից հետո, այն վերաբացվել է։