Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը
Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում», - ասել է Հարդը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին ու նշել. «Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»:
Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը ևս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը; Ադրբեջանի նոր դերը, որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին »,- ասել է Տրիտինը։