Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ առաջին 15 րոպեներն անցան արգենտինացիների առավելությամբ․ ֆուտբոլիստները, կարելի է ասել, չէին հեռանում մրցակցի կիսադաշտից ու անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, սակայն կամ ֆրանսիացի պաշտպաններն էին տեղում, կամ գնդակը դարպասին չէր հասնում։
Այս ընթացքում Քրիստիան Ռոմերոն հասցրեց կանոնները խախտել Ուգո Լյորիսի նկատմամբ՝ արմունկով հարվածելով նրան, բժիշկները օգնություն ցույց տվեցին ֆրանսիացիների դարպասապահին, որից հետո նա կարողացավ շարունակել հանդիպումը։ Մրցավարը Ռոմերոյին որոշեց չպատժել։
Ֆրանսիացիները ևս որոշ դրվագներում վտանգ ստեղծեցին Մարտինեսի դարպասին, բայց դրանք ևս գոլի չվերածվեցին։
Իսկ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։