Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք․ Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի ԱԱ-ն
Գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրեց՝ մեծահասակների աշխարհի առաջնություններում իր առաջին մեդալը նվաճելով։ 102 կգ քաշայինների պայքարում Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Սամվել Գասպարյանը 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան և Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն։ Ասում է՝ այս անգամ էլ Կոլումբիա էր մեկնել ոսկու հետևից, բայց ինչ-ինչ պատճառներով բավարարվեց բրոնզով․
«Աշխարհի առաջնությանը ներկայացել էի շատ լավ մարզավիճակով։ Գնացել էի ոսկու հետևից, բայց չստացվեց ․․․ մի կողմից՝ ուժեղ մրցակցություն, մյուս կողմից՝ մրցավարական վրիպումներ»,- ArmSport-ի հետ զրույցում խոստովանում է 25-ամյա ծանրորդը։
Գասպարյանի խոսքով՝ ԱԱ-ում մրցակցությունը բավական թեժ է եղել, բայց ինքն ավելիին էր պատրաստ․ «Պոկում վարժության երկրորդ մոտեցումը կատարելուց հետո կփոխեինք խաղաքարտերը։ Արդյունքներս ինձ չեն գոհացնում, քանի որ պատրաստ էի ավելի շատ բարձրացնելուն։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք։ Այս մեդալն առաջին քայլն էր դեպի Փարիզի Օլիմպիական խաղեր։ Կփորձեմ հետագայում էլ ավելի լավ պատրաստվել, որպեսզի ոչ մի վրիպում չլինի մրցահարթակում»։
Սամվել Գասպարյանը պատմում է նաև թիմում տիրող մթնոլորտի, իր զգացողությունների և Բոգոտայում ունեցած որոշակի խնդիրների մասին․ «Թիմում մթնոլոտը լավ է։ Ափսոսում եմ, որ թիմակից ընկերներս չկարողացան իրենց հնարավորությունների սահմաններում հանդես գալ։ Կուզեմ առանձնացել իմ ընկերների ելույթները։ Վարազդատ Լալայանի պոկումը սենսացիա էր, իսկ Գոռ Մինասյանը փառքով կատարեց իր առջև դրված խնդիրը։ Իրենց մրցելույթներից ավելի շատ ուրախացա։
Ընդհանուր առմամբ, մրցաշարը լավ էր կազմակերպված։ Բոգոտան ծովի մակարդակից շուրջ 2700 մետր բարձրության վրա է գտնվում ու այդ առումով որոշակի խնդիրներ ունեցանք, ուշ էինք վերականգնվում, բոլորս ճնշման հետ կապված խնդիրներ ունեինք։ Ինչ վերաբերում է իմ տպավորություններին, ապա կդժվարանամ այս առաջնությունն առանձնացնել մյուս մրցաշարերից։ Ես միշտ փորձում եմ թե՛ ուրախությունս, թե՛ տխրությունս կողքի դնել հենց հաջորդ օրվանից ու շարժվել առաջ, որպեսզի այդ զգացողություններս հետագա փուլերում ինձ չխանգարեն»։
Սամվել Գասպարյանն ընդգծում է՝ հաջորդ տարվա գլխավոր ստուգատեսը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, ինչին պետք է լավագույնս նախապատրաստվել․
«2022 թվականն ինձ համար մեդալառատ էր, բայց ոչ գոհացնող արդյունքներով։ Եկող տարի ամենակարևոր ստուգատեսը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է։ Պետք է փառքով և պատվով մասնակցենք ու կատարենք մեր առջև դրված առաջադրանքները, որպեսզի մեր հարկի տակ ուրախացնենք մեր հայրենակիցներին ու երկրպագուներին»,- եզրափակում է իր խոսքը գյումրեցի ծանրորդը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից Բոգոտայում անցկացված աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճեցին միայն Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։ Պոկում վարժությունում նա պայքարը սկսեց 175 կգ-ով, բայց առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո ձախողեց այս վարժության հաջորդ երկու մոտեցումները, որոնց համար պատվիրել էր 179 կգ:
25-ամյա ծանրորդը երկամարտում ընդամենը երկու կիլոգրամով հետ մնաց չեմպիոն հռչակված կատարցի Էլբաի Ֆարե Իբրահիմից ՝ 391 կգ (174 + 217):
Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: