«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը Հայաստան կբերի «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում արվեստասերներին կներկայացվի «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված համերգ-ներկայացումը Երևանի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ Գյումրիի արվեստասերները՝ դեկտեմբերի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգ-ներկայացման շնորհիվ հանդիսատեսը կհայտնվի Փարիզի բոհեմական միջավայրում, որտեղ ծաղկում է ապրել Ազնավուրի ստեղծագործական կյանքը: Ներկայացման ընթացքում կհնչեն լեգենդար երաժշտի լավագույն երգերը, որոնք յուրօրինակ բեմականացման և ձևավորման շնորհիվ հանդիսատեսին կպարուրեն ազնավուրյան երաժշտության լույսի, թախիծի և սիրո ոգեղեն էներգիայով:
«Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացումը բեմադրել է թատերական արվեստում «այլախոհի» համարում ունեցող Ժիլ Մարսալան, որը հայտնի է նաև «Պիաֆ. շոու», «Պիաֆ. սիմֆոնիկ շոու», «Փարիզ. շոու» և այլ նախագծերով: Եզակի և յուրահատուկ ձևավորման, ինչպես նաև վիզուալ նյութերի շնորհիվ «Ֆողմիդաբլը Ազնավուրը» մեծ շանսոնյեի երաժշտական ժառանգությանը նվիրված թերևս ամենից ուշագրավ համերգ-ներկայացումն է, որը միջազգային մամուլի կողմից արժանացել է բարձր գնահատականների:
Հատկապես բարձր է գնահատվել շանսոնյեի երգերը կատարող Ժյուլ Գրիսոնը, որն իր հազվագյուտ տաղանդով կարողացել է ամբողջացնել մեծ երաժշտի և մարդու կերպարը: