Աշխարհի ամենացածրահասակ մարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում․ «News.am»
«News.am»-ի փոխանցմամբ՝ 20-ամյա իրանցին դարձել է աշխարհի ամենացածրահասակ մարդը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Տղամարդու հասակը 64 սանտիմետր է։
Ռեկորդի հեղինակ է դարձել Աֆշին Էսմայիլ Գադերզադեն։ Նրա ծնողների խոսքով՝ երբ իրենց որդին ծնվել է, կշռել է 600 գրամ։ Չնայած բժիշկների անբարենպաստ կանխատեսումներին՝ երեխային հաջողվել է ողջ մնալ։ Ինքը՝ տղամարդը, բարդույթավորված չէ՝ արտաքինի հետ կապված։
«Ես գիտեմ, թե ով է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը։ Ես կարող էի տեղավորվել նրա ափի մեջ»,- կատակել է Գադերզադեն։
Նա բողոքում է, որ իր ֆիզիկական առանձնահատկությունները դժվարացնում են աշխատանք գտնելը, բայց հույս ունի, որ ձեռք բերված համբավը կօգնի իրեն ֆինանսապես աջակցել իր ընտանիքին:
«Ես երազում եմ օգնել ծնողներիս։ Այս համաշխարհային ճանաչումը կարող է օգնել ինձ իրականացնել իմ երազանքը»,- մեկնաբանել է նա։