Մասկը կասեցրել է մի շարք առաջատար լրատվամիջոցների լրագրողների օգտահաշիվները
Twitter-ը կասեցրել է մի շարք լրագրողների, այդ թվում՝ CNN-ի, the Washington Post-ի, Mashable-ի և The New York Times-ի լրագրողների օգտահաշիվները, որոնք լուսաբանում են սոցիալական հարթակի և նրա նոր սեփականատիրոջ՝ Իլոն Մասկի հետ կապված իրադարձությունները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:
Հինգշաբթի երեկոյան արած մի շարք գրառումներում Մասկը հայտնել էր, որ արգելափակվել է այն օգտահաշիվը, որն իրական ժամանակում ցույց էր տալիս իր գտնվելու վայրը, և լրագրողներին մեղադրել էր այն բանում, թե նրանք տարածել են իր մասնավոր ինքնաթիռի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը, որը նա որակել է որպես «մարդասպանության կոորդինատներ»:
Պարբերականը նշում է, որ բոլոր լրագրողները, ում օգտահաշիվները կասեցվել են, գրել էին նրա մասնավոր ինքնաթիռի տեղաշարժը ցույց տվող թվիթերյան օգտահաշվի արգելափակման մասին՝ ընդգծելով, որ «Մասկը հայտարարում է խոսքի ազատության մասին, սակայն արգելափակում է այն հաշիվները, որոնք իրեն դուր չեն գալիս»:
The Washington Post-ը հայտարարություն է տարածել իր լրագրողի օգտահաշվի կասեցման մասին՝ նշելով, որ դա չի համապատասխանում Մասկի այն հավաստիացումներին, թե նա մտադիր է Twitter-ը դարձնել խոսքի ազատությանը նվիրված հարթակ: CNN-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Twitter-ի աճող անկայունությունը պետք է մտահոգիչ լինի բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են հարթակը:
Իլոն Մասկն արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին:
«Ամբողջ օրն ինձ քննադատելը միանգամայն նորմալ է, բայց իրական ժամանակում իմ գտնվելու վայրը հայտնելը և ընտանիքիս վտանգի ենթարկելը՝ ոչ», - գրել է գործարարը «Թվիթեր»-ում:
Իլոն Մասկը նաև հայտնել է, որ լրագրողների օգտահաշիվներն արգելափակվել են ընդամենը 7 օրով:
Մասկը Twitter-ի ղեկավարությունը ստանձնելուց ի վեր բազմաթիվ փոփոխություններ է մտցրել սոցիալական մեդիայի քաղաքականության և գործելակերպի մեջ: