Հոնկոնգը և մայրցամաքային Չինաստանը նախատեսում են բացել սահմանները
Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև սահմանը կարող է ամբողջությամբ վերաբացվել արդեն հաջորդ ամսին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը: Հոնկոնգի սահմանային հսկիչ անցակետերի մեծ մասը փակ է եղել 2020 թվականի սկզբից՝ COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր:
Գործող սահմանափակումներին համապատասխան՝ մարդիկ կարող են մուտք գործել Չինաստանի մայրցամաքային մաս՝ օգտագործելով քաղաքային օդանավակայանը, ինչպես նաև Shenzhen Bay կամրջի և Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի հսկիչ անցակետերը:
Ըստ South China Morning Post-ի աղբյուրների՝ Հոնկոնգը մտադիր է ամբողջությամբ բացել սահմանները մայրցամաքային Չինաստանի հետ և հաջորդ ամսվա սկզբից վերսկսել արագընթաց գնացքների երթևեկությունը Չինաստանի հարավային Գուանդունի նահանգ։ Ավելի վաղ Հոնկոնգի կառավարությունը հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու որոշում էր կայացրել, օրինակ՝ այս շաբաթ ամբողջությամբ չեղարկվել է եռօրյա տնային ինքնամեկուսացումն արտասահմանից ժամանողների համար։
Մայրցամաքային Չինաստանի իշխանությունները նաև սկսել են մեղմացնել հակահամաճարակային միջոցառումները՝ հեշտացնելու մարդկանց և ապրանքների անդրսահմանային հոսքը Հոնկոնգից, այդ թվում սահմանն օրական հատող մարդկանց թիվն ավելացրել են՝ 2000-ից հասցնելով 2500-ի: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին ավելի վաղ հայտարարել էր, որ Հոնկոնգի կառավարությունը կշարունակի սերտ կապեր պահպանել մայրցամաքի համապատասխան գերատեսչությունների հետ: Սահմանի ամբողջական բացման ծրագրին ծանոթ ևս մեկ աղբյուր հայտնել է, որ Պեկինը մինչև հաջորդ ամսվա սկիզբ ձգտում Է վերսկսել երթևեկությունը, որպեսզի վերականգնի ինչպես Հոնկոնգի, այնպես էլ մայրցամաքային Չինաստանի տնտեսությունները: