Հյուսիսային Կորեան հայտարարել է «նոր ռազմավարական զենքի» համար շարժիչի փորձարկման մասին
Հյուսիսային Կորեան հաջողությամբ Է անցկացրել «պինդ վառելանյութով աշխատող մեծ քարշուժով շարժիչի» փորձարկումը «նոր տիպի ռազմավարական զենքի համակարգի» համար, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Պաշտպանության ազգային ակադեմիայի ինստիտուտներից մեկը դեկտեմբերի 15-ի առավոտյան Սոհե հրթիռային զորավարժարանում հաջողությամբ իրականացրել է պինդ վառելանյութով աշխատող 140 տոննա քարշուժով մեծ հզորության շարժիչի ստատիկ կրակային փորձարկում, որն իր տեսակի մեջ առաջինն է երկրում», - ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է, որ «կարևոր փորձարկումը» «հուսալի գիտատեխնիկական երաշխիք» Է ապահովել նոր տեսակի ռազմավարական զենքի համակարգի մշակման համար։ Ինչպես հայտնում է ԿԿՀԳ-ն, փորձարկումը ղեկավարել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նա հույս է հայտնել, որ «ևս մեկ նոր տեսակի ռազմավարական զենք կստեղծվի ամենակարճ ժամկետում»:
«Փորձարկման արդյունքները գիտականորեն և հստակորեն ցույց են տվել, որ բոլոր տեխնիկական ցուցանիշները, ներառյալ շարժիչի քարշուժը, տեսակարար իմպուլսը, այրման բնութագրերը, աշխատանքի ժամանակը և շարժիչի քարշուժի վեկտորի կառավարման բնութագիրը, համապատասխանում են նախագծային կարողություններին և ապացուցել են դրա հուսալիությունն ու անվտանգությունը», - եզրափակել են գործակալությունում: