Ֆրանսիայում բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, այդ թվում՝ 5 երեխա
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վոլս ան Վելեն արվարձանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, որոնցից 5-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:
Ըստ արտակարգ ծառայությունների՝ կրակը սկսվել է 7-հարկանի շենքի առաջին հարկում և արագ տարածվել դեպի վերևի հարկեր՝ շենքը լցնելով ծխով: Կրակի զոհ դարձած երեխաները 3-15 տարեկան են: 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 հրշեջ: Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մասին հաղորդում է ստացվել տեղի ժամանակով գիշերը ժամը 03:12-ին, իսկ ժամը 03:25-ին 170 հրշեջներ և 65 հրշեջ մեքենաներ արդեն դեպքի վայրում են եղել:
Իշխանությունները հայտնել են, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կապվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և խոստացել, որ հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացվի: