ԱՄՆ Սենատը հաստատել է 858 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը` 858 մլրդ դոլարի չափով, ինչը 45 միլիարդով ավելի է այն գումարից, որ նախագահ Ջո Բայդենը պահանջել էր տարվա սկզբին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
«Ազգային պաշտպանության լիազորման ակտին» կողմ է քվեարկել 83 օրենսդիր, դեմ՝ 11-ը։ Ավելի վաղ այս նախագիծը հավանության էր արժանացել նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այժմ պաշտպանական բյուջեի նախագիծը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը. Բայդենի ստորագրությունից հետո այն օրենքի ուժ կստանա:
Օրինագիծը նախատեսում է 858 մլրդ դոլարի ռազմական ծախսեր, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձի բարձրացում 4.6%-ով, զենքերի, նավերի և ինքնաթիռների ձեռքբերում: Փաստաթղթով նախատեսվում է անվտանգության ոլորտում աջակցություն հատկացնել Ուկրաինային առնվազն 800 միլիոն դոլարի չափով: Իսկ Թայվանին ամերիկացի օրենսդիրները մտադիր են 5 տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել:
The Hill պարբերականն իր հերթին հայտնում է, որ փաստաթուղթը 6 միլիարդ դոլար հատկացնում է Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնության համար, որն ուղղված է Ռուսաստանի զսպմանը:
Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության արգելքի երկարաձգում 5 տարով: Բացի այդ, դրանում նշվում է, որ Վաշինգտոնը ձգտելու է հասնել այն բանին, որ Ռուսաստանը հեռացվի մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Մեծ 20-յակից:
2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 778 միլիարդ դոլար։