«Հրապարակ». Բանակցությունները ձախողվել են
Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացանք, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։ Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, մենք թույլատրում ենք, որ մի փոքր խումբ՝ մեր ուղեկցությամբ, այցելի Կաշենի եւ Դրմբոնի հանքեր՝ «մոնիթորինգ անելու»։
Մեկ օրից ավելի խորհելուց հետո Ադրբեջանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք է հակառակ հերթականությամբ արվի․ նախ, դուք թույլատրում եք, որ մենք գնանք հանքեր՝ մոնիթորինգ անելու, ապա նոր կբացենք ճանապարհը եւ կվերականգնենք գազամատակարարումը։ Հայկական կողմը, բնականաբար, մերժել է, իրենք էլ չեն համաձայնել մեր առաջարկին, եւ բանակցությունները մտել են փակուղի։ Սրանով ադրբեջանցիները խոստովանել են, որ ոչ թե հանքերն են իրենց հետաքրքրում, այլ Արցախը վերցնելու խնդիր են լուծում։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցած մեր աղբյուրը նկատեց, որ սա նշանակում է, որ բլոկադան շուտ չի ավարտվի, եւ Արցախը պետք է պատրաստվի երկարատեւ դիմակայման։