Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիաները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան և ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները տարածաշրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ՝ լի անվտանգային և հումանիտար մարտահրավերներով: Նախարար Միրզոյանը շեշետել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը և Ադրբեջանի կողմից հարցի քաղաքական շահարկման անընդունելիությունը։
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամի վտանգը: Շեշտվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան մարմինների կողմից համարժեք և հասցեական արձագանքի, ինչպես նաև գործուն քայլերի իրականացման կարևորությունը հնարավոր մարդասիրական աղետը բացառելու նպատակով: