Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով
Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Միջադեպը բողոք է առաջացրել Բիհարի խորհրդարանում. ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները դեմ են արտահայտվել նահանգի կառավարության՝ ալկոհոլի լիակատար արգելքի քաղաքականությանը նահանգում:
Իր հերթին նահանգի ղեկավար Նիտիշ Կումարը կոչ է արել մարդկանց զգույշ լինել և կեղծված ալկոհոլ չգնել, ինչպես նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել այն մարդկանց, որոնք ալկոհոլի արտադրությամբ են զբաղվում: Դրանից շատ չանցած շրջանային վարչակազմը կազմավորել Է պաշտոնյաներից բաղկացած խմբեր, որոնք շրջելու են տուժած գյուղերում և հանդիպելու են թունավորումից մահացածների ընտանիքների հետ, որպեսզի գտնեն արգելված ոգելից խմիչք վաճառողներին:
Ալկոհոլի վաճառքի և արտադրության արգելքը Բիհարում ուժի մեջ է մտել 2016 թվականից, որից հետո նահանգում ձևավորվել Է ալկոհոլի, այդ թվում՝ կեղծ ալկոհոլի անօրինական շուկա: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում անորակ ոգելից խմիչք օգտագործելու հետևանքով նահանգում մահացել Է շուրջ 100 մարդ: Հնդկաստանի իշխանությունները ձգտում են կրճատել բնակչության կողմից ալկոհոլի օգտագործումը՝ 70%-ի հասնող մեծ հարկեր սահմանելով կամ սահմանափակումներ մտցնելով ալկոհոլի վաճառքի նկատմամբ։ Երկրի բնակչությունն օգտագործում է կոկոսից, շաքարեղեգից, հնդկական ընկույզից պատրաստված տնային ինքնաթոր օղի, որը հաճախ արտադրվում է տեխնոլոգիական խախտումներով և հանգեցնում թունավորման կամ մահվան։