Ուկրաինայի պատերազմից ի վեր ՌԴ քաղաքացիները վրացական բանկերում բացել են 87 հազար 589 հաշիվ
2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշվեհամարների ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլրդ լարի։ Հաղորդում է Aliq Media-ն։
Վրացական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ներդրած գումարի չափն ավելին է, քան, օրինակ, Թբիլիսիի 2023 թվականի բյուջեն։
Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշիվների, որոնց վրա դրական մնացորդ է գրանցվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ, ընդհանուր թիվը կազմում է 147 հազար 412:
Այս հաշիվների կեսից ավելին՝ 87 հազար 589-ը, բացվել են 2022 թվականի մարտից նոյեմբերի 1-ը՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։
Ի դեպ, Վրաստանի ազգային բանկը նշել է, որ հաշիվների թիվը կարող է ճշգրիտ չհամընկնել վրացական բանկերում հաշիվներ բացած Ռուսաստանի քաղաքացիների թվին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ քաղաքացին/իրավաբանական անձը կարող է մեկից ավելի հաշիվ բացել տարբեր բանկերում։