ԱՄՆ-ն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ Է կիրառել Մերձավոր Արևելքում ծովային զորավարժությունների ժամանակ
ԱՄՆ-ի զինվորականներն ավարտել են Digital Horizon ծովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում: Դրանց ընթացքում ամերիկացիները գործարկել են տվյալ տարածաշրջանի համար աննախադեպ մասշտաբներով անօդաչու համակարգեր և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Նախկինում մենք շատ էինք աշխատում արհեստական ինտելեկտով, մենք աշխատում էինք պատկերների ճանաչման, նորմերից շեղված վարքագծի հայտնաբերման, գործողությունների կառավարման և համակարգման ժամանակ արհեստական ինտելեկտի օգտագործման վրա, սակայն այդ ամենն անում էինք առանձին-առանձին: Digital Horizon-ի ընթացքում մենք առաջին անգամ համատեղել ենք այդ բոլոր բաղադրիչները», - հայտարարել Է զորավարժությունն իրականացնող Task Force 59 ստորաբաժանման ղեկավար կապիտան Մայքլ Բրասերը։
«Այս ամենն օգնում է օպերատորին արագ որոշումներ ընդունել և արդյունավետ կերպով օգտագործել արհեստական ինտելեկտը՝ իմաստ հաղորդելով այն բոլոր տեղեկատվական հոսքերին, որոնք գալիս են մեկ էկրանի վրա», - հավելել է նա։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, որի պատասխանատվության գոտում Է Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածը և Պարսից ծոցը, 2021 թվականին ստեղծել Է Task Force 59 ստորաբաժանումը: Ստորաբաժանման զինծառայողներն ավելի վաղ փորձարկել են կոմերցիոն անօդաչու թռչող սարքերը և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները՝ Մերձավոր Արևելքում հետախուզական առաքելություններում և տեղեկություն հավաքելու գործում դրանց հնարավոր օգտագործման համար:
Նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 15-ն անցկացվող զորավարժություններում օգտագործվել են 15 տարբեր անօդաչու համակարգեր, որոնցից տասը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կողմից օգտագործվել են առաջին անգամ։ Զինծառայողներն օգտագործել են ինչպես ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են երկարաժամկետ հսկողություն իրականացնել որևէ շրջանի նկատմամբ, այնպես էլ արագընթաց սարքեր թիրախները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Բրասերը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը թույլ են տալիս տեղեկատվություն հավաքել ծովում տիրող իրավիճակի մասին, իսկ այնուհետև մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները թույլ կտան եզրակացություններ անել, որոնք կազդեն զինվորականներին իրադարձությունների վայր ուղարկելու հրամանատարության որոշման վրա։