ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Reuters
Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ չորեքշաբթի երեկոյան կայացած բանակցությունների ժամանակ երկրները մոտ են եղել համաձայնության հասնելուն, սակայն Լեհաստանը և որոշ այլ երկրներ դեռևս առարկություններ ունեն:
Գործակալության տվյալներով՝ տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ՝ արդյոք ԵՄ-ն պետք է հեշտացնի Եվրոպայի նավահանգիստներով ռուսական պարարտանյութերի արտահանումը նույնիսկ այն դեպքում, երբ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերը սև ցուցակում գտնվող օլիգարխներ են: Որոշ երկրներ կարծում են, որ ԵՄ սահմանափակումները սպառնալիք են ներկայացնում զարգացող երկրների պարենային անվտանգության համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ սահմանափակումների մեղմացումը կարող է պարարտանյութեր արտադրող ընկերությունների սեփականատեր ռուսաստանցի օլիգարխներին հնարավորություն տալ խուսափել եվրոպական պատժամիջոցներից: Ակնկալվում է, որ Եվրամիության անդամներն այսօր ավելի ուշ կստանան պատժամիջոցների հերթական փաթեթի նախագծի նոր տարբերակը։