Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության բաժիններում
Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատան ճանապարհին թողել է հրացան, փամփուշտներ ու նռնակներ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ղարիբջանյան խճուղու հասցեներից մեկում՝ աղբամանների հետնամասում, հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Ջ-1» տիպի նռնակ՝պայթուցիչով, 1 անհայտ տիպի նռնակ, առանց փողի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 55 փամփուշտ և «Շիլկա» գնդացրի 1 փամփուշտ։
Բացատրական աշխատանք են տարել ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Իսկ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների միջոցառումներով Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչը ոստիկաններին է հանձնել 5,45 մմ տրամաչափի 118 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի քրեական հետախույզները. արդյունքը՝ ինքնաշեն կրակող սարքի և տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնում։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։