Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կոչ է արել՝ ժամանակի պահանջներին համապատասխան
Հնդկաստանն անհրաժեշտ է համարում բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդի պահանջներին համապատասխան, ինչը ենթադրում է զարգացող երկրների ավելի արդարացի ներկայացվածություն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում գտնվող երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները պետք է հուսալի և մշտական ներկայացուցչություն ունենան Անվտանգության խորհրդում: Նրանց ապագայի վերաբերյալ որոշումներն այլևս չեն կարող ընդունվել առանց նրանց մասնակցության: Պակաս կարևոր չէ աշխատանքային մեթոդները և գլոբալ ինստիտուտների գործընթացները, ներառյալ այս խորհուրդը, ավելի հաշվետու, անաչառ և թափանցիկ դարձնելը»,- հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում «Բարեփոխված բազմակողմանիության նոր կողմնորոշումը» թեմայով նիստում։ Նա նաև շեշտել է, որ վերջին տարիների ընթացքում աշխարհը կտրուկ փոխվել է:
«Անվտանգության խորհրդում արդար ներկայացվածության և նրա կազմի ընդլայնման հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում Է ավելի քան 30 տարի: Մինչ բարեփոխումների շուրջ աննպատակ բանավեճեր են ընթացել, իրական աշխարհը կտրուկ փոխվել է», - ընդգծել է Ջայշանկարը: Հնդկաստանի ԱԳ նախարարը գտնվում է Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության առթիվ: