Հնագետները Դանիայում ծիսական ճահճային մարմին են հայտնաբերել
Հնագետները Դանիայում 5000-ամյա ճահճային մարմին են հայտնաբերել։ Հավանաբար, մարդուն զոհաբերել են։ Գտածոյի մասին գիտնականները պատմել են LiveScience պորտալին։
Ճահճային մարմիններն ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանված մարդկային մնացորդներ են, որոնք վերջին 200 տարվա ընթացքում հայտնաբերվել են հյուսիսային Եվրոպայի տորֆային ճահիճներում: Հիմնականում հնագետները դրանք գտնում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Շվեդիան:
Գիտնականները հայտնաբերել են ոտքերի, կոնքի ոսկորներ եւ ատամներով ստորին ծնոտի մի հատված։ Առայժմ հնագետները չգիտեն մահացածի սեռը եւ տարիքը։ Նրանք հույս ունեն տարիքը ատամներով որոշել, իսկ սեռը՝ կոնքի միջոցով: Բացի այդ, հետազոտողները կարծում են, որ մահացածի ԴՆԹ-ն կարող էր պահպանված լինել ատամներում։
Դիակի կողքին գիտնականները հայտնաբերել են կայծքարե կացնի մնացորդներ եւ կենդանիների ոսկորներ։ Հենց սա էլ մատնանշում է, որ մարդուն ծեսի ժամանակ են սպանել։ Հավանական է, որ մարմինը միտումնավոր են տեղադրել ճահճում նեոլիթյան դարաշրջանում։