Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են հայտնաբերել
Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը, ժամերի տարբերությամբ, բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության երկրորդ դեպքը։ Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցում ձերբակալել են 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Հաջորդ բացահայտումը դեկտեմբերի 11-ին էր։ Կումայրիի բաժնի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերել և ձերբակալել են Շահինյան փողոցում բնակվող, 30-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտաբերվածը թմրամիջոց էր, որը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը երեկոյան Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 4-րդ դեպքը։ Նրանք Գյումրիի Օդանավակայանի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Կումայրիի բաժին տարան 28-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվեց 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։