Yandex Eats–ը մեկնաբանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հարուցված վարույթը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Yandex Eats–ի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով հարուցել է վարույթ։
Ծառայության հանրային կապերի թիմը վարույթի վերաբերյալ պարզաբանում է.
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից վարույթի հարուցման հիմքերը որոշակի հարցեր են առաջացնում նաև մեզ համար։ Yandex Eats-ը ծառայության նորությունների, ակցիաների մասին ծառայություներից օգտվողներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն, դրանք հանրամատչելի են, հավելվածում էլ ակցիաների անցկացման պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն առկա է։ Բացի այդ, Yandex Eats-ի մարքեթինգային գործունեության վերաբերյալ նկատառումները պետք է հասցեագրվեն միայն տվյալ ծառայությունն իրականացնողներին, և ոչ թե ընկերության մյուս ծառայություններին ևս, որոնք առնչություն չունեն այս ծառայության հետ»։
Հարցին, թե այնուամենայնիվ, Հանձնաժողովը վարույթ է հարուցել, հետևաբար որոշակի հարցեր կան, ընկերության հանրային կապերի թիմից նշեցին, որ իրենք պատրաստ են երկխոսության․ «Մենք պատրաստ ենք ոլորտը կարգավորող հանձնաժողովին անհանգստացնող յուրաքանչյուր հարցի շուրջ կառուցողական քննարկում ունենալ»։
Նշենք, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն է կարգավորում ծառայությունների շուկան ու բարեխիղճ մրցակցությունը։
Ի դեպ, Yandex Eats-ը միայն վերջերս է մուտք գործել հայկական շուկա, շուկայական մասնաբաժնով դեռ զիջում է նույն ոլորտում գործունեություն ծավալող այլ ընկերությունների, ինչպիսիք են Glovo-ն, Menu.am–ը, Buy.am–ը, սեփական առաքման ծառայություն ունի նաև Sas.am և մի շարք սննդի ցանցեր, սուպերմարկետներ և այլն: