Միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար. ԱԺ հայտարարության ՔՊ-ի նախագիծ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ն: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծին ՔՊ-ականները ԱԺ խորհրդում կողմ չեն քվեարկել:
Ստուեր ներկայացնում ենք ՔՊ-ի նախագիծը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:
Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ցուրտ ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:
Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:
120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:
Ահագնացնելով սադրիչ և հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:
Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:
Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ԼՂ-ում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն:
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգն ավելի առարկայական են դարձնում:
Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանն ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակղմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ»,- հայտարարության տեքստը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: