Էրդողանը կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները։ Այս մասին նա հայտարարել է Թուրքմենբաշիում Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակն է սկսել աշխատանքը թուրքմենական բնական գազն արևմտյան շուկաներ մատակարարելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է վերսկսել թուրքմենական գազի մատակարարումները Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը և նախատեսում է այդ թեման քննարկել Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններում։
Նախատեսվում է, որ գազը տանկերով Ադրբեջան կհասցվի Կասպից ծովով, այնուհետև Հարավային գազային միջանցքի խողովակաշարային ցանցով՝ Թուրքիա, այնուհետև Եվրոպա։ Գործակալության տվյալներով՝ ծրագրի իրականացումը տարիներ կպահանջի, սակայն եվրոպական շուկան հետաքրքրված կլինի այլընտրանքային մատակարարով։
Մինչ այս ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն հայտարարել էր, որ վառելիքի համաշխարհային շուկայում ներկայիս իրավիճակը բարենպաստ է Թուրքմենստանից ԵՄ երկրներ գազի մատակարարումների ավելացման համար։