ԱՄՆ վարչակազմը նախատեսում է եւս 30 չինական ընկերություն մտցնել «սեւ ցուցակ»
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Yangtze Memory Technologies-ը եւ 30 չինական այլ ընկերություններ մտցնել «սեւ ցուցակ», ինչը նրանց թույլ չի տա գնել ամերիկյան բաղադրամասեր, դա կարող է խորացնել լարվածությունը համաշխարհային երկու տնտեսական գերտերությունների միջեւ, գրել է Bloomberg-ը։
ԱՄՆ առեւտրի նախարարությունը չիպերի չինական առաջատար արտադրողին եւ այլ ընկերություններ կմտցնի այսպես կոչված սեւ ցուցակ արդեն այս շաբաթ։ Այդ ընկերություններին կարգելվի տեխնոլոգիաներ գնել ԱՄՆ մատակարարներից, եթե նրանք հատուկ արտահանման լիցենզիա չստանան։
Այս քայլը ամերիկա-չինական հակամարտության վերջին էսկալացիան է տեխնոլոգիաների պատճառով։ Հոկտեմբերին Բայդենի վարչակազմը հրապարակել էր ավելի լայն սահմանափակումները Չինաստանի համար՝ միկրոսխեմաների համար կիսահաղորդիչներ եւ սարքավորումներ գնելու հարցում, Yangtze Memory-ն եւ այլ ընկերություններ ներառելով հետագա ուսումնասիրման ցուցակում։
Ուհանում գտնվող Yangtze Memory-ն երկրում 3D NAND կիսահաղորդիչների ամենամեծ արտադրողն է երկրում, որը հիշողության միկրոսխեմաներ է արտադրում սմարթֆոնների եւ հաշվիչ այլ սարքերի համար՝ մրցակցելով այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է Samsung Electronics Co-ն։
ԱՄՆ պաշտոնատար անձինք մտցրել են չիպերի վերջին սահմանափակումները՝ դա բացատրելով Չինաստանի տնտեսական եւ ռազմական սպառնալիքի կանխման անհրաժեշտությամբ։
Չինաստանը քննադատել է ԱՄՆ գործողությունները՝ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է կանգնեցնել իր աճը։ Այս շաբաթ Չինաստանը բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն՝ փորձելով չեղարկել ԱՄՆ առեւտրային վերահսկողությունը՝ հավաստիացնելով, որ վերջինը խախտում է գլոբալ առեւտուրը եւ մատակարարումների շղթան։