Համալսարանի 2 ֆակուլտետ ռեկտորը որոշել է միավորել
ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է Ֆիզիկայի ֆակուլտետը միավորել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ, իսկ Ռադիոֆիզիկայի ներկայիս դեկան Խաչիկ Ներկարարյանին նշանակել նոր ձեւավորվող ֆակուլտետի դեկան, ֆիզիկայի ֆակուլտետի ներկայիս դեկանին՝ Ռաֆիկ Հակոբյանին էլ ազատել աշխատանքից: Սակայն խնդիրն այն է, որ այս գաղափարը ռեկտոր Հովհաննիսյանը բացարձակապես չի քննարկել հիշյալ ֆակուլտետների կոլեկտիվների հետ, չի լսել նրանց, հիշյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների կարծիքը, այլ կայացրել է միանձնյա որոշում եւ պատրաստվում է հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում անցկացնել այդ հարցը եւ միավորվող ֆակուլտետների կոլեկտիվներին, Ամանորին ընդառաջ, կանգնեցնել փաստի առաջ:
Հոգաբարձուների խորհրդի անդամները, բացառությամբ մի քանի հոգու, միշտ պատրաստ են դակել ռեկտորի կամ հոգաբարձուների խորհրդի նախագահի (ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյան) բերած որոշման ցանկացած նախագիծ: Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ձեւով յուրովի կապված է կա՛մ ռեկտորի, կա՛մ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ եւ ունի անձնական կամ այլ բնույթի շահագրգռվածություն: Ֆիզիկայի ֆակուլտետը մայր բուհի տարեկիցն է եւ ԵՊՀ հիմնադիր ֆակուլտետներից, փաստորեն, ռեկտորը ցանկանում է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող ֆակուլտետը փակել, միավորել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետ: Բնականաբար, միավորման արդյունքում նաեւ աշխատատեղեր կկրճատվեն, բայց ռեկտորին դա քիչ է հուզում, գլխավորը՝ որ ինքն ու իր պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը եւ այլ մանր ու մեծ տրամաչափի պաշտոնյաներ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում:
Մեզ հետ զրույցում Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հաստատեց այս լուրը, որ ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի ֆակուլտետները պատրաստվում են միացնել։ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքը հարցրե՞լ են, ինքն ի՞նչ դիրքորոշում է հայտնել։ «Իմ կարծիքը հարցրել են, ես ասել եմ, որ դեմ եմ, որովհետեւ ես համարում եմ, որ ռադիոֆիզիկան կիրառական բնույթի է, իսկ մեզ մոտ՝ Ֆիզիկայի ֆակուլտետում հիմնարար բնույթի է, դրա համար, կարծում եմ, չի կարելի։ Երկրորդն էլ՝ Ֆիզիկայի ֆակուլտետը հիմա աճ է ապրում, զարգացում է ապրում, եւ այդ պահին ինչ-որ փորձեր անելը վտանգավոր է, պետք է սպասել՝ այդ աճը կանգնի, հետո»,- պատասխանեց Հակոբյանը։
Հարցրինք՝ միավորման հետեւանքով ֆակուլտետներում աշխատատեղերի կրճատման վտանգ տեսնո՞ւմ է։ Պատասխանեց, որ կրճատման վտանգ առանձնապես չի տեսնում, իսկ իր՝ դեկանի պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը կրճատում չի համարում․ «Եկեք դա կրճատում չհամարենք, հիմա ես այսօր դեկան եմ, վաղը կարող է դեկան չլինենք, դեկան լինել-չլինելը երկրորդական է, դա աշխատանքից ազատել չի նշանակում, ես պրոֆեսոր եմ, ինձ չեն որոշի ազատել աշխատանքից։ Նախ՝ իմ ժամկետը շուտով լրանում է, հետեւաբար, դա կրճատում չի կարող լինել։ Ինձ համար կարեւորն այն է, որ ինչ էլ անում ենք, պետք է կշռադատված, առանց շտապելու, մասնագետների կարծիքները հարցնելով անել։ Ես չեմ ասում՝ սխալ է կամ ճիշտ է, բայց պետք է կարծիքները նայել, կարող է՝ ես եմ սխալ»։
Զրուցեցինք նաեւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանի հետ՝ կո՞ղմ է այդ միավորմանը։ «Գիտե՞ք ինչպես՝ այդ հարցին միանշանակ պատասխան չենք կարող տալ։ Ես ասեմ, թե ինչու․ մենք գնում ենք տրամագծորեն տարբեր ճանապարհներով։ Մենք ուզում ենք, որ ամբողջ ֆակուլտետը ներկայացված լինի բակալավրիատի մեկ ծրագրով, այսինքն՝ սկզբից ունենում ենք բակալավրիատի 1 ծրագիր, այնուհետեւ՝ 2-րդ կուրսն ավարտելուց հետո, ուսանողները բաժանվում են ըստ մասնագիտացումների։ Ֆիզիկայի ֆակուլտետը գնում է հակառակ ճանապարհով․ նրանք այս պահի դրությամբ ունեն 5 հատ բակալավրիատի ծրագիր։ Ստացվում է, որ մենք մագիստրատուրայում ունենք 300 ուսանող, որը, ենթադրվում է, կպահպանվի, եւ 1 բակալավրիատի ծրագրի ենք գնում, նրանք ունեն 200 ուսանող եւ 5 բակալավրիատի ծրագիր։ Հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ պայմաններում եթե հստակ սկզբունք չի առաջադրվում, թե որ ճանապարհով պետք է գնալ, մինչեւ այդ հարցը չպարզվի, այդ վիճակում այդ միացումն անհեթեթություն է։ Ստացվում է 6 ծրագիր, որոնցից մեկն ավելի շատ ուսանող ունի, քան թե մնացած հինգը միասին վերցրած։ Դուք այդպիսի ֆակուլտետ պատկերացնո՞ւմ եք։ Ուրեմն պետք է այս հարցը որոշակիանա, թե որ ճանապարհով են գնում, հետո նոր դրվի միացումների հարցը։ Իմ տեսակետը սա է»,- պատասխանեց Ներկարարյանը։
Նրա կարծիքով եւս աշխատատեղերի կրճատում չի սպասվում։ «Ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ, նախ, ռեկտորն այն կարծիքին է, որ եթե ինչ-որ մեկն էլ կրճատվի, ուրեմն գիտական թեմաների կողմից կլրացվի իրենց աշխատավարձը, էնպես որ՝ կարելի է իրականացնել սահուն սերնդափոխություն։ Խնդիրը մարդկանց դուրս հանելը չէ, խնդիրը 2 տրամագծորեն տարբեր ուղղություններն են՝ կրթական համակարգի վերաբերյալ, խնդիրը դրանց մեջ ընտրություն անելն է։ Չեմ կարծում, թե այդ միացումից մարդիկ կտուժեն»,- պատասխանեց Խաչատուր Ներկարարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0f997510578d8edcc1179fa89de6c178?fbclid=IwAR153x_gaNgyjpYoRnFubgvMcp87hCIy8MJIe4ylHblf26PqAm990t6hJCU
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»