Ճանապարհը չբացելու դեպքում մեր գործողությունները լինելու են իրավիճակից բխող․ Արտակ Բեգլարյան
Կաշենի հանքավայրը 20 կմ հեռու է ադրբեջանական ամենամոտ բնակավայրից եւ որեւէ ջրային ռեսուրսների մոտ չի գտնվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Կաշենի հանքը պահպանում է բոլոր միջազգային ստանդարտները։ Այնպես որ, ադրբեջանցիների պատրվակը հիմնավոր չէ, եւ կարող են այլ պատրվակներ իրենք օգտագործել իրավիճակից կախված»,- նշեց Բեգլարյանը։
Ըստ Բեգլարյանի՝ Արցախի իշխանությունն ունի տարբեր սցենար՝ կախված իրադարձությունների զարգացումից։
«Ունենք մշակված տարբեր սցենար եւ կախված իրադարձությունների զարգացումից՝ հաշվի առնելով միջազգային հանրության պարտավորությունները աջակցելու եւ հնարավոր ներուժը, Հայաստանի կողմից լրացուցիչ օգնությունը։ Ճանապարհը չբացելու դեպքում մեր գործողությունները լինելու են իրավիճակից բխող»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։