Եվրախորհրդարանի փոխնախագահը հերքել է կոռուպցիայի մեղադրանքները
Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլին իր փաստաբանի միջոցով հայտարարել է անմեղության մասին՝ կապված բելգիական իշխանությունների կողմից իր դեմ առաջադրված մեղադրանքների հետ, հաղորդում է Open հեռուստաալիքը:
Բելգիայի իշխանությունները դեկտեմբերի 9-ին Բրյուսելում մի քանի ձերբակալություններ եւ խուզարկություններ են անցկացրել՝ կապված Եվրախորհրդարանում կոռուպցիայի կասկածների հետաքննության հետ, որոնք կապ ունեն Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ: Ձերբակալվել են Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին եւ նրա գործընկերը, խուզարկություն է կատարվել քաղաքական գործչի բնակության վայրում: Քայլին անմիջապես հեռացվել է Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունից։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան որոշել է անհապաղ դադարեցնել Եվա Քայլիի՝ որպես Եվրախորհրդարանի փոխնախագահ բոլոր լիազորությունները, պարտականություններն ու առաջարդրանքները։
Հունաստանում Քայլիի փաստաբան Միխալիս Դիմիտրակոպուլոսը Open-ի առավոտյան ծրագրում ասել է, որ Քայլին հայտարարում է իր անմեղության մասին եւ որեւէ առնչություն չունի մեղադրանքների հետ։
Ինչ վերաբերում է այն հաղորդագրություններին, որ մոտ մեկ ամիս առաջ քայլին իր գործընկեր Ֆրանչեսկո Ջորջիի հետ միասին հիմնել է անշարժ գույքի ընկերություն Աթենքի հեղինակավոր Կոլոնակի թաղամասում, Դիմիտրակոպուլոսն ասել է, որ դա մասնավոր բաժնետիրական ընկերություն է, որը ստեղծվել է մեկ ամիս առաջ 1000 եվրո կորպորատիվ կապիտալով եւ դեռ չի աշխատում։