Բելառուսում մարտական պատրաստության հանկարծակի ստուգում է սկսվել
Բելառուսում մարտական պատրաստության հանկարծակի ստուգում է սկսվել, հայտնել է հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Ստուգումն իրականացնում է նախագահի հանձնարարությամբ եւ Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության ղեկավարությամբ։
Միջոցառումները համալիր բնույթ են կրելու, զորքերը կարճ ժամկետներում պետք է հասնեն նշանակված շրջաններ, կազմակերպեն պահպանությունն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ կամրջային անցումներ կառուցեն Նեման եւ Բերեզինա գետերի վրայով։
Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ զորավարժությունների ընթացքում որոշ հատվածներում եւ ավտոճանապարհներին երթեւեկությունը սահմանափակ է։
Վերջին անգամ Բելառուսում մարտական պատրաստության հանկարծակի ստուգում է իրականացվել հոկտեմբերի 11-ին եւ 12-ին։ Այդ ժամանակ դրան մասնակցել է մոտ 500 զինծառայող եւ մոտ 50 միավոր սպառազինություն ու զինտեխնիկա։