Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ԱԱ-ում գրավել է 6-րդ տեղը
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել է 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է:
Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ է պոկել, սակայն տապալել է հրում վարժությունը` ստանալով 0:
Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը (ժամը` 01:30), իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) (ժամը` 04:00):
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրել էր 90 և պոկել 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավել էր 18-րդ տեղը: Իսկ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հրել 166 կգ և պոկել էր 186 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում Կարապետյանը գրավել էր 12-րդ տեղը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Վարդան Մանուկյանը հանդես էր եկել B ենթախմբում և երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն էր: