Ոսկու գինը կայունացել է
Ոսկու արժեքը երեքշաբթի առավոտյան կայուն է եւ մի փոքր բարձր մեկ տրոյական ունցիան 1 790 դոլարից, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակմանը, ինչպես նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստին։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 0,25 դոլարով կամ 0,01 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 792,55 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,83 տոկոսով՝ մեկ ունցիան 23,598 դոլար։
Շուկաները զգուշություն են ցուցաբերում ԱՄՆ-ում նոյեմբերի գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից առաջ։ Փորձագետները սպասում են ցուցանիշի նվազում մինչեւ 7,3 տոկոս՝ հոկտեմբերի 7,7 տոկոսից։ Նվազումը կարող է լինել հինգերորդն անընդմեջ, ընդ որում՝ գնաճը նախկինի պես զգալիորեն բարձր է թիրախային 2 տոկոսից։
Ներդրողները սպասում են նաեւ ԴՊՀ նիստին, որը նախատեսված է դեկտեմբերի 13-14-ին։ Դրանց արդյունքների հիման վրա կենտրոնական բանկը տոկոսադրույքը կարող է բարձրացնել 50 բազիսային կետով՝ 75 բազիսային կետով չորս բարձրացումներից հետո՝ տարեկան 4,25-4,5 տոկոս։