Ամերիկուհին ընդունվելուց 71 տարի հետո է ավարտել համալսարանը
ԱՄՆ-ում 90-ամյա կինն ընդունվելուց 71 տարի հետո է դիպլոմ ստացել, հայտնում է CNN-ը։
Ջոյս Դեֆոն 1951 թվականին է ընդունվել Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Այն ժամանակ աղջիկը մտադիր էր դիպլոմ ստանալ «Տնային տնտեսություն» մասնագիտությամբ։ Սակայն նրա ծրագրերը փոխվել են, երբ նա ծանոթացել է Դոն Ֆրիմեն-ավագի հետ:
«Ես սովորեցի երեքուկես տարի, բայց որոշեցի հեռանալ այն բանից հետո, երբ հանդիպեցի նրան»,- ասել է Ջոյս Դեֆոն: Զույգն ամուսնացել է 1995 թվականին եւ ունեցել է երեք երեխա։ Հետագայում նա ամուսնացել է Ռոյ Դեֆոյի հետ, ում հետ մեծացրել է վեց ընդհանուր երեխաներին։ 2019 թվականին կինը մտածել է կրթություն ստանալու մասին, որը մի ժամանակ կիսատ էր թողել։ Ջոյսի թոռնուհիներից մեկի խոսքով՝ ընտանիքը սատարել է նրան։
«Դա իմ առաջին համակարգիչն էր: Երեխաներս ստիպված էին ինձ սովորեցնել օգտվել դրանից»,- ասել է Դեֆոն: Հստակեցվում է, որ կինը չի գնացել համալսարան դասերի, այլ հեռավար է սովորել ծերանոցից։ «Երբեմն ուզում էի թողնել ամեն ինչ, բայց չէի անում»,- խոստովանել է նա: Դեֆոյի խոսքով՝ այդ ամբողջ ընթացքում իրեն աջակցել են ընտանիքը, ընկերները եւ համալսարանը։