Կրեմլը մտադիր չէ արագ փոխել ՌԴ-ի միջուկային դոկտրինը. Պեսկով
Կրեմլը չի պատրաստվում արագ փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը, սակայն դրա դրույթները զուգադրվում են ԱՄՆ-ում ընդունված դրույթների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին: «Այս առումով խոսքն ինչ-որ արագ գործողությունների մասին չէե, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի միջուկային դոկտրինում կարող են ճշգրտումներ արվել։
Պեսկովը հստակեցրել է, որ դոկտրինների դրույթները մշտապես համեմատվում են, վերլուծվում փորձագիտական մակարդակով՝ նաև հաշվի առնելով այն, թե ինչպես է զարգանում ընդհանուր իրադրությունը: Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան կարող է մտածել այն մասին, որ «ի գիտություն ընդունիե Վաշինգտոնի կողմից իր անվտանգության ապահովման, այդ թվում՝ զինաթափող հարված հասցնելու մարտավարությունը:
Ռուսաստանի միջուկային դոկտրինի համաձայն (Ռուսաստանի Դաշնության 2020 թվականի պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում)՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է, եթե թշնամին օգտագործի զանգվածային ոչնչացման այդ կամ այլ տեսակի զենքեր Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ, եթե Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա բալիստիկ հրթիռների արձակման մասին հավաստի տեղեկատվություն ստացվի, եթե թշնամին ներգործի այն օբյեկտների վրա, որոնք անհրաժեշտ են միջուկային ուժերի պատասխան գործողությունների համար, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ Է պետության գոյությունը: