Լաչինի միջանցքի փակման փորձերը Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից են. ԱԳ նախարար
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը:
Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։
Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում:
Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների:
Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից են: